Լիմինդրովիչն` ի նպաստ գյոռմամիշության
Analysis
Ամանորն այլ երկրներում այլ ժողովուրդներ էլ են նշում, շատերն էլի մեր նման հյուր են գնում իրար տուն, հանդիպում են, շնորհավորում միմյանց, հետաքրքիր ժամանակ անցկացնում և փորձում ընդհանուր առմամբ տոներից հաճույք ստանալ: Բայց ամեն ժողովուրդ չէ, որ ամանորյա օրերի իր առաջնային նպատակը դարձնում է ուտելը և ստամոքսների ծավալն ու փորերը մեծացնելը: Առավել ևս՝ յուրաքանչյուր ժողովուրդ չէ, որ այս օրերին գերնպատակ է դարձնում գալիք տարվա համար պարտքեր կուտակելը և սեփական կյանքից լրացուցիչ բողոքելու առիթներ ստեղծելը:
Մազոխիզմի այս դրսևորումը կամ ես ավելի շուտ կասեի՝ գյոռմամիշությունը, եթե ոմանց հաճելի տառապանք է բերում, ապա ավելի հաշվենկատ, պրակտիկ մարդկանց և հմուտ բիզնեսմեններին՝ ֆինանսական շահ: Օրինակ՝ Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը, ով միշտ հայտնի է եղել բիզնեսում իր հաջողություններով, հետևաբար և հմտություններով, հիանալի կերպով գտել է գյոռմամիշությունից օգուտ քաղելու և դրա վրա լրացուցիչ եկամուտներ ստանալու տարբերակը՝ իր «սիթիների» հայտնի վարկերը բաժանելով և պարտքերի տակ կքածներին էլ ավելի կռացնելով: Սա բնական է, քանի որ մազոխիզմը փոխադարձ սադիզմ է ենթադրում: Գործարարն այս դեպքում ընդամենը առաջնորդվում է հաճելին օգտակարի հետ համատեղելու սկզբունքով: Այսինքն, եթե մարդիկ տենչում են գալիք տարում տառապել, Ալեքսանյանը նրանց տալիս է այդ հնարավորությունը, և եթե ոմանք այդ տառապանքից հաճույք են ստանում, հետևաբար նրանց դա հաճույք է պատճառում: Իսկ, եթե հաճույք ստացողն էլ դեմ չի, ապա ինքներդ էլ հասկանում եք, որ ոչ մի կրիմինալ այստեղ լինել չի կարող, այլ ընդամենը՝ փոխադարձ համաձայնություն: Հետևաբար հարց է առաջանում, եթե պետք է մեղավորներ փնտրենք, ո՞վ է ավելի շատ մեղավոր, հաճույք տվո՞ղը, թե՞ ստացողը: Ես ավելի հակված եմ երկրորդ տարբերակին:
Այսինքն՝ գյոռմամիշությունը մեր երկրում եկամտաբեր երևույթ է, և ցանակացած խելացի գործարար այն կարող է օգտագործել ի շահ իրեն, մանավանդ, եթե գործարարը չունի ազգային մտածողություն և նրան բնավ չեն հետաքրքրում այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ ազգի բարոյահոգեբանական վիճակը, մտածելակերպի այլասերումը և այլն: Դա հեռուն մտածողների և այլ մասնագետների համար է, իսկ բիզնեսի մեջ կան թվեր ու հաշվարկ, ուստի և կարելի է լրացուցիչ գերշահույթ ստանալ՝ թեկուզ ի նպաստ գյոռմամիշության:
Կարեն Վարդանյան