Ծանր տարվանից հետո չի կարող միանգամից հրաշք լինել. Մարգարիտ Եսայան
PoliticsԵրկու օրից մենք կտեղափոխվենք 2015 թվական: Անցնող տարին հեշտերից չէր մեր երկրի տնտեսության, արտաքին քաղաքականության և այլ ոլորտների համար: Այս պնդման հետ համակարծիք են տարբեր քաղաքական ճամբարներում գտնվող անձիք: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն Orer.am-ի հետ զրույցում նույնպես նշում է, որ 2014 թվականը բարդ տարի էր և բավականին հետաքրքիր վայրիվերումներ տեղի ունեցան: Տիկին Եսայանի համար շատ տխուր է, որ մեր սահմաններին զինվորներ զոհվեցին խաղաղ պայմաններում: «Քանի որ այս տարին բավականին բարդ էր, ես չեմ կանխատեսում, որ մյուս տարի միանգամից ավելի լավ է լինելու, քանի որ ծանր տարվանից հետո չի կարող միանգամից հրաշք լինել և թեթև տարի հաջորդել»,- նշեց պատգամավորը: Ըստ մեր զրուցակցի՝ դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու: Տիկին Եսայանը առանձապես գուշակությունների չի հավատում, սակայն աստղաբանությունը համարում է բավականին լուրջ գիտություն: Նա հայտնեց, որ ունի աստղաբան ընկերներ, որոնց կանխատեսումներին աստղերի դասավորվածության առումով արժե ականջ դնել: Մարգարիտ Եսայանը մեզ տեղեկացրեց նաև, որ անձնական կյանքում և ընտանիքում առանձնապես փոփոխություն տեղի չի ունեցել անցնող տարի: Ամանորը ՀՀԿ ներկայացուցիչը դիմավորելու է ավանդական տարբերակով՝ համեղ ուտեստներ, նվերներ, տոնածառ և այլն:
Լևոն Փանոսյան