Վերին Լարս-Կազբեկ ավտոճանապարհը փակ կմնա առնվազն երկու շաբաթ
Վրաստանի Դարիալի կիրճում տեղի ունեցած սողանքից հետո վրացական իշխանությունները շարունակում են մաքրման աշխատանքները: Կազբեկ-Վերին Լարս ճանապարհահատվածում երթևեկության լիարժեք վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու շաբաթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակո չելով «Գրուզիա օնլայն» լրատվականը, այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության ներկայացուցիչը:
Դարիալի կիրճին հարակից շրջանում հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքներին մասնակցող երկու մարդ' Վրաստանի և Թուրքիայի քաղաքացիներ, սողանքի հետևանքով անհայտ կորել են: Պետական մարմինների հաղորդմամբ' Թերեք գետը Ռուսաստանի Դաշնության տարածք է բերել մի մարդու դի, ով ենթադրաբար հենց Թուրքիայի կորած քաղաքացին է: Նրա ինքնությունը հստակ պարզելու համար ընթանում է փորձաքննություն:
Դարիալի կիրճում ընթացքող մաքրման աշխատանքներին հետևելու համար այստեղ է ժամանել Վրաստանի էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Կախա Քալաձեն: Այստեղ են գտնվում նաև մյուս նախարարները, ինչպես նաև Վրաստանի վարչապետն ու Նախագահը: Նախնական հաշվարկներով' սահմանային անցակետին հասցված վնասը գնահատվում է 3 մլն ԱՄՆ դոլար:
Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով' սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում այսօր՝ օգոստոսի 23-ին' առավոտյան ժամը 11-ից, վերսկսվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը: