Շատ եմ ափսոսում, որ այս պահին Հայաստանում չեմ. Հասմիկ Պապյան
CultureԱմանորի շեմին Orer.am-ը զրուցել է ունեցել օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի հետ: Նա հանդես է եկել խոշորագույն, համաշխարհային այնպիսի բեմերում, ինչպիսիք են՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան և Կարնեգի Հոլլը, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան և այլն: Անշուշտ, հաշվի առնելով արտիստի կենսագրությունը և անցած ճանապարհը, անհնար է չտալ սուր հարցադրումներ և չսպասել նրա յուրահատուկ և հեղինակավոր խոսքին: Բայց տոնական օրերին չցանկացանք ծանրաբեռնել Վիեննայում բնակվող երգչուհուն ոչ տոնական, տարողունակ հարցերով: Մեր զրուցակիցը պատմեց, որ իր ստեղծագործական գործունեության 28-րդ տարին եղել է շատ բուռն: 2014-ի նրա ամենակարևոր ելույթներից մեկը հայաստանյան «Տոսկա»-ն էր:Մոտ հիսուն տարի անց կրկին երևանյան բեմում հնչեց Պուչչինիի անմահ ստեղծագործությունը: «Եթե ոչինչ չփոխվի, գալիք տարի երգելու եմ Սան Ֆրանցիսկոյում՝ "Other Minds" փառատոնում, հետո Մոսկվայում՝ Վյաչեսլավ Արտյոմովի «Ռեքվիեմ»-ը, այնուհետև Մոնղոլիայում, որից հետո Մոցարտի «Ռեքվիեմ»-ը Փարիզում, հետո՝ Վաշինգտոնում, Մոնրեալում, Տորոնտոյում և այլն, բոլորը չեմ կարող թվել»,- ասացէ արվեստագետը: Իսկ Ամանորը մեծանուն երգչուհին դիմավորելու է տանը, քանի որ այլ կերպ չի պատկերացնում այդ ընտանեկան տոնը նշելու արարողությունը: «Շատ եմ ափսոսում, որ այս պահին Հայաստանում չեմ»,- հավելեց արտիստուհին: Հասմիկ Պապյանը սիրով պատմեց, որ սիրված տոնական ուտեստների թվին է պատկանում տատիկի պատրաստած «անուշ ապուրը»՝ ընկույզով, չամիչով, դոշաբով և ցորենի հատիկներով:
Լևոն Փանոսյան