Մանչեսթերում ամանորյա տոնակատարությունների համար հավաքված ամբոխը ստիպված է եղել հրավառությանը սպասել չորս րոպե մինչև վարորդը դուրս գար ճանապարհից, հաղորդում է The Guardian-ը:
Մանչեսթերը պատրաստվում էր միանալ Մեծ Բրիտանիայի մյուս քաղաքներին՝ դիմավորելով 2015-ը Պիկադելի Գարդենսում հսկայական ժամացույցի վրա հետհաշվարկով:
«Հինգ, չորս, երեք, երկու, մեկ: Եվ ահա հրավառությունները»,- բացականչել է շոուի հաղորդավարը, սակայն ամբոխի բղավոցներից հետո, ոչինչ տեղի չի ունեցել:
Տեսանյութում լսվում է, թե ինչպես են մարդիկ հարցնում, թե որտեղ հատկապես պետք է տեսնեն հրավառությունը:
Կեսգիշերից մոտ 90 վայրկյան անց հաղորդավարը 15 000-անոց ամբոխին հայտնում է, որ փոքրիկ խնդիր է առաջացել և հարկավոր է սպասել մինչև տրամվայը դուրս գա ճանապարհից:
Կազմակերպիչներն ավելի ուշ հաստատել են, որ այն վայրում, որտեղ պետք է ընկներ հրավառությունը, սխալ պահին տրամվայ է հայտնվել և հրավառությունը ստիպված են եղել հետաձգել անվտանգության նկատառումներով: