NEWS.am STYLE-ը գրում է․
Դերասան Գոռ Հակոբյանի կյանքում ամենաուրախ Նոր տարին եղել է 2006-2007 թվականներին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա խոսեց Ամանորի, 2015-ի իր ծրագրերի մասին, ինչպես նաեւ հետաքրքիր դեպք պատմեց, որը եղել է իր հետ Նոր տարվա գիշերը։
«Ամանորը չափազանց գեղեցիկ ու բարի տոն է, երբ մենք բոլորս վերանայում ենք անցնող տարվա հաջողություններն ու անհաջողությունները, փորձում ենք շտկել որոշ բաներ ու մտնել Նոր տարի արդեն ավելի լիցքաթափված, սպասելիքներով ու նպատակներով լի»,-նշեց նա՝ հավելելով.
«Իմ կյանքում ամենաուրախ Նոր տարին եղել է 2006-2007 թվականներին։ Ամանորի գիշերը նշել ենք ընկերներով։ Հիշում եմ, որ ընկերներիցս մեկը հագել էր Ձմեռ պապու շորեր ու շենքի բակում հարեւանների համար ամբողջ գիշեր գինովցած երգում էր»։
Գոռ Հակոբյանը չկարողացավ մտաբերել, թե որն է իր համար եղել ամենահիշարժան ամանորյա նվերը։
«Ես սիրում եմ նվիրել ու Ամանորին ինքս ինձ էլ եմ պարգեւատրում։ Հատկապես վերջին երկու-երեք տարիներին ավելի եմ ակտիվացել, որովհետեւ տղաներիս եմ ուրախացնում նվերներով»,-ասաց Գոռը։
Դերասանի համար 2015 թվականը բուռն աշխատանքային է լինելու, քանի որ ծրագրած համերգներ ունի արտերկրում։ «Համենայնդեպս, սպասելիքները մեծ են»,-ընդգծեց նա։
Անդրադառնալով ամանորյա հետաքրքիր դեպքերին, Գոռ Հակոբյանը պատմեց, որ մի տարի Ամանորը նշել է ավտոմեքենայի մեջ։
«Կարծեմ՝ երեք կամ չորս տարի առաջ ես Ամանորը նշել եմ մեքենայիս մեջ՝ ամայի վայրում եւ միայնակ։ Ժամը 23։50-ի հատվածում վերջին գործերս ավարտելուց հետո շտապում էի տուն, եւ եղավ այն, ինչ եղավ՝ մեքենաս փչացավ, ու ես մնացի փողոցում։ Մինչեւ տաքսի գտա, մինչեւ հասա տուն, արդեն բոլորը կերել-խմել-ուրախացել ու քնել էին»։
Վերջում Գոռ Հակոբյանը հղեց իր ամանորյա բարեմաղթանքը.
«Թո՛ղ որ գալիք՝ 2015 թվականը, սեր ու ջերմություն բերի բոլորիս ընտանիքներին։ Թո՛ղ մարդիկ ազատվեն պրոբլեմներից, դարդերից ու ցավերից։ Թո՛ղ հայը միշտ հպարտ ու վեհ լինի։ Առողջությունն էլ անպակաս լինի մեր սահման պահող տղաներից»։
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը