Կա մեկը, ով ինձ նոր լիցքեր հաղորդեց անցած տարի. Մագդա Մկրտչյան
CultureՏոնական օրերը մոտենում են ավարտին, սակայն շատերը դեռ մի քանի օր էլ տանը կանգնած կթողնեն զարդարված տոնածառը և Նոր տարվա մյուս զարդարանքները: Orer.am-ը տարվա կորուստների ու ձեռքբերումների, նվերների, տոնի հետ կապված պատմությունների և երազած դերակատարումների մասին բլից հարցազրույց է ունեցել օպերային առաջատար երգչուհիներից մեկի՝ Մագդա Մկրտչյանի հետ :
-2014-ի կարևորագույն մասնագիտական ձեռքբերումը:
- ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստանալը:
-2014-ի կարևորագույն անձնական ձեռքբերումը:
- Անձնական ձեռքբերումներ կլինեն 2015-ին:
-Տարվա հիասթափությունը:
- Ես սիրում եմ ճշտախոս և իրենց խոսքի տեր մարդկանց: Կարծում եմ` չարժի մարդկանց կույրի պես վստահել: Ըստ ռուսական ասույթի ՝ ամեն հիացումից հետո, անխուսափելի է հիասթափությունը: Այս տարի հիասթափություն չեմ ունեցել:
-Տարվա ծանոթությունը:
- Իմ բոլոր լավ ընկերները։
-Տարվա կորուստը:
- Ծանր տարա, երբ լսեցի բազմաթիվ նշանավոր արվեստագետների մահվան լուրերը: Իմ շատ մտերիմ, սիրելի ընկերուհի Անի Տոնոյանը, ով աշխատում էր Կոնսերվատորիայում, երիտասարդ տարիքում հեռացավ կյանքից: Նրա կարիքը շատ եմ զգում:
-Տարվա ամենահիշվող նվերը:
- Ծննդյանս միջոցառումը եղբայրս կազմակերպեց ռեստորանում: Շատ երգիչներ այդ օրը երգեցին ինձ համար: Շատ թանկ նվեր էր և վառ հիշողություն:
-Մարդ, որին ցանկանում եք շնորհակալություն հայտնել: - Կա այդպիսի մարդ, որն ինձ նոր լիցքեր ու եռանդ հաղորդեց այս տարի: Բայց ես հրապարակավ չեմ ասի: Անձամբ շնորհակալություն կհայտնեմ նրան: Այդ մարդն իսկապես նոր գաղափարներ, ծրագրեր տվեց ինձ և հավատով լցրեց դեպի իմ արվեստը:
-Մարդ, որից կցանկանաք ներողություն խնդրել:
- Ես աշխատում եմ ուշադիր լինել մարդկանց նկատմամբ և ներողություն խնդրել ճիշտ պահին: Դրա մեջ ամոթ բան չկա, իսկ ներել կարող են միայն հոգով ուժեղ մարդիկ:
-Ո՞ր օպերային ներկայացման մեջ կցանկանաք երգել 2015-ին:
-Կցանկանայի հանդես գալ Տոսկայի դերերգով Պուչչինիի օպերայում, Վերդիի «Դոն Կարլոս» օպերայում՝ Ելիզավետայի դերերգով, «Կարմեն»-ում: Չնայած վերջինն իմ ձայնի համար չէ: Ուզում եմ, որ վերականգնվի Մոցարտի «Դոն Ջիովաննի» օպերան, որպեսզի ես կրկին կարողանամ կատարել դոննա Աննայի դերերգը։
-Ինչպե՞ս նշեցիք Ամանորը:
-Ընկերներով Ծաղկաձորում էինք՝ սահնակ քշելու նպատակով: Փոքրիկ սարի վրա խողովակաձև թունել կա: Ով իջնում էր այդ բարձրունքից՝ բղավելով շնորհավորում էր Ամանորը: Եվ այդպես մեր ընկերները հերթով իջնում էին: Երբ մեր երրորդ ընկերը բղավելով շնորհավորեց, նրա ձայնը մարեց: Մենք խառնվեցինք իրար, սկսեցինք նրա անունը տալ: Նա մնացել էր այդ խողովակի մեջ: Տեսնում ենք հաղթանդամ տղամարդ, ում ոտքերը խողովակից դուրս են, իսկ մարմինը՝ խողովակի մեջ: Հազիվ զսպեցինք ծիծաղներս: Հետո կարողացանք մի կերպ օգնել Արմենին: Շատ զվարթ և ուրախ անցավ այս տարվա Ամանորը:
-Ի՞նչ եք խնդրում Ձմեռ Պապիկից:
- Թող, որ մանկատան բոլոր երեխաներին բերի փափուկ խաղալիքներ, իսկ երբ նրանք մեծանան՝ նվիրի բնակարաններ, որպեսզի լինեն ապահովված, երջանիկ և խնդիր չունենան:
Հեղինակ՝ Լևոն Փանոսյան