Ռուսաստանը պատրաստվում է մարդասիրական բեռներով նոր ավտոշարասյուն ուղարկել Ուկրաինա
International news
Ռուսաստանն Ուկրաինայի արտգործնախարարություն նոտա է հղել, որով տեղեկացրել է նոր մարդասիրական բեռներով ավտոշարասյուն պատրաստելու մտադրության մասին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:
«Նոտա ենք հղել Ուկրաինայի ԱԳՆ՝ տեղեկացնելով մարդասիրական օգնության հերթական շարասյունը պատրաստելու մտադրության մասին»,- ասել է Լավրովը: Նա նշել է, որ ռուսական կողմն առաջարկել է մի շարք բեռներ, որոնք պատրաստվում են ուղարկել:
«Պատրաստ ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ ամենասերտ համագործակցության»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը:
Ռուսաստանը հույս ունի, որ նոր շարասյունն Ուկրաինա կմեկնի նույն երթուղով արդեն այս շաբաթվա ընթացքում, ընդգծել է Լավրովը:
Հիշեցնենք, որ մարդասիրական բեռներով նախորդ բեռնատարներն արդեն վերադարձել են Ուկրաինայից: