«Մենք պատգամավորներ ունենք, որ համաներման տակ են ընկել, ներվել են». Աշոտյանը` Սևակ Խաչատրյանի` պրոռեկտոր նշանակվելու մասին
«Նախարությունը չի խառնվում բուհերի կադրային քաղաքականությանը: Այո, եղել են դեպքեր, որտեղ մարդիկ իրենց ամբողջությամբ ճիշտ չեն պահել և դրանից հետո ներողություն են խնդրել»,- այսպես արձագանքեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հարցին, թե ինչու է ԵՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը նշանակվել պրոռեկտոր:
«Մենք պատգամավորներ ունենք, որ համաներման տակ են ընկել, ներվել են ավելի վատ արարքներ անելուց հետո: Ես չեմ հասկանում այն մաղձը, որը կուտակվել է մարդկանց մոտ»,- շարունակեց Աշոտյանը՝ ընդգծելով, որ կան շատ տեսանյութեր, որտեղ ակտիվիստներն են «շատ վատ վարք դրսևորում ոստիկանների նկատմամբ»:
«Երբևէ տեսե՞լ եք, որ այդ մարդիկ ներողություն խնդրեն ոստիկանից, ի՞նչ անենք, արտաքսե՞նք այդ մարդուն Հայաստանից, պետք է գործազո՞ւրկ լինի ողջ կյանքում: Պետք չէ խտրական վերաբերմունք ցուցաբերել»,- ասաց Աշոտյանը:
Հիշեցնենք, որ Սևակ Խաչատրյանն այն երիտասարդն է, ով իր կուսակցական ընկերների հետ հայհոյում և քաշքշում էր լրագրողներին, արգելում մտնել Տնտեսագիտական համալսարանի դահլիճ, որտեղ տեղի էր ունենում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանությունը: