Փարիզի ահաբեկչությունը մեսիջ է ողջ աշխարհին. Թևան Պողոսյան
SocietyԻնչպես տեղեկացնում է Orer.am-ը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, խոսելով «Շարլի Հեբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված ահաբեկչության մասին, նշեց, որ դեպքը խիստ դատապարտելի է, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, վերլուծաբան Անուշ Սեդրակյանն այս հարցի վերաբերյալ նշեց հետևյալը․ «Հայկական մամուլում և սոցիալական ցանցերի որոշ շրջանակներում փորձ արվեց մեղմացնել ահաբեկչության շուրջ ծավալվող մտահոգությունները: Նշվում էր, որ ամեն տեղ էլ լինում են զոհեր, որ Հայաստանի հետ այդ ամենը կապ չունի և պետք չէ կենտրոնանալ միայն Ֆրանսիայի դեպքի վրա, սակայն սպանությունը ցանկացած պարագայում էլ դատապարտելի է, ուղղակի Ֆրանսիան ողջ աշխարհում հայտի էր որպես ազատության, պաշտպանվածության, եվրոպական չափանիշների, մարդկային իրավունքների ամրագրման օրրան: Եվ հենց այդ օրրանի վրա իրականացված հարձակումն էլ սասանեց ընդհանուր քաղաքակրթական չափանիշները»: Ըստ բանախոսի՝ սխալ է այս պայքարը ներկայացնել որպես երկու կրոնների պայքար և բախում: Սեդրակյանը հիշեցրեց, որ Փարիզի համերաշխության երթին մասնակցում էին Պաղեստինի ընդդիմադիր ճամբարի և Իսրայելի ներկայացուցիչները, նույնիսկ Իրանն է դատապարտել ահաբեկչությունը։ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ իսլամական աշխարհը՝ ի դեմս իր լիդերների, գտնվում է այն քաղաքակրթական աստիճանի վրա, որտեղ նման դեպքերը բացառված են: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ այդ ահաբեկչությունը տեղի ունեցավ հենց հիմա,և ի՞նչ էին ուզում ասել հանցագործները: Ըստ նրա՝ դա «ԻՍԻՍ»-ի մեսիջն էր ողջ աշխարհին, որ իրենք հիմա ոչ միայն Մերձավոր արևելքում են, այլ քարտեզի ցանկացած կետում: