Ես թղթաբանության համար չեմ այստեղ, պետք է արդյունք ապահովենք. Հովիկ Աբրահամյան
ՀՀ կառավարության օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ աբրահամյանը և կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում կատարված ոճրագործության զոհերի հիշատակը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին որոշման նախագիծը», որից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով բոլոր նախարարներին նշեց, որ ցանկացած գերատեսչության գերակայությունները և միջոցառումները ընդամենը պարտադիր նվազագույն անելիքներն են, ինքն նախարարներից ակնկալում է ավելին:
«Ես ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն: Ունենք շատ խնդիրներ և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է իր ոլորտի համար, տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, ծառայությունների որակի համար»,-ասաց վարչապետը և հավելեց նաև, որ ակնկալում է աշխատանքի որակ և ամենակարևորը կարգապահություն:
Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, որ ակտիվ նախաձեռնողական, բայց չմշակված փաստաթղթեր իրենց անհրաժեշտ չեն:
«Լինելու եմ խստապահանջ որակի նկատմամբ։ Իսկ նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Ես թղթաբանության համար չեմ այստեղ, մենք պետք է արդյունք ապահովենք և ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի»,- ասաց նա: