Քեթրին Էշթոնի և Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին Բրյուսելում
International newsԵվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումն իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների շարունակման համար կկայանա սեպտեմբերի 1-ին Բրյուսելում: Այս մասին օգոստոսի 25-ին հաղորդել է Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Քեթրին Էշթոնն Իրանի ԱԳ նախարարության ղեկավարի հետ կհանդիպի սեպտեմբերի 1-ին»,- ասել է Կոսյանչիչը: Հանդիպման գլխավոր նպատակը պետք է դառնա «բանակցությունների շարունակման մեխանիզմի քննարկումը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջը համապարփակ համաձայնության հասնելու համար», որոնք ՄԱԿ-ի միջնոդրների վեցյակի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) անունից վարում է Քեթրին Էշթոնը:
Այդ փաստաթուղթը պետք է ստուգելի ձևով երաշխավորի Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը: Կողմերը մտադիր են այդ համաձայնությանը հասնել մինչև նոյեմբերի 24-ը, որպեսզի խուսափեն Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների ռեժիմի վերականգնումից:
Ենթադրվում է, որ «վեցյակի» լրիվ ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է կայանա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաշեմին, որը բացվելու է սեպտեմբերի 16-ին, հաղորդել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: