Orer.am-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ: Մեր զրուցակիցը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ապրիլի 24-ին մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին:
Մելքոնյանը մասնավորապես նշել է.«Թուրքական իշխանությունները արդեն տևական ժամանակ է՝ այդ ճակատամարտի շուրջ փորձում են միջազգային աղմուկ ստեղծել, և դրա համար գրքեր են հրատարակում, գիտաժողովներ կազմակերպում և այլն: Ապրիլի 24-ի ընտրությունը արդեն խոսում է, որ նրանց շարժառիթը կեղծ է: Այդ ճակատամարտը տևել է 1915-ի մարտից մինչև դեկտեմբեր, իսկ ապրիլի 24-ը ոչ մի խորհրդանշական օր էլ չէ: Ապրիլի 25-ին թուրքական զորքերը ինչ-որ բարձունք են գրավել և վերջ: Ապրիլի 24-ը նշել որպես հաղթանակի օր՝ կեղծիք է և արվել է, որպեսզի շեղվի միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության օրվա խորհրդից:
Այն, որ հրավիրված են բազմաթիվ երկրների ղեկավարներ, նույնպես իր մեջ հստակ միտում է պարունակում, քանի որ նույն օրը այդ առաջնորդները հրավեր ունեն նաև Հայաստանի Հանրապետությունից: Նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելն էլ թուրքական իշխանությունների հերթական, 2015 թվականի համար դեռևս ամենախոշոր հարվածն էր հայկական կողմին և մեր քարոզչությանը: Հիշենք, որ Սերժ Սարգսյանն էլ Էրդողանին է հրավիրել Հայաստան: Սերժ Սարգսյանին հրավիրելու մեջ թուրքական կողմը ևս որոշակի նախապատրաստական քայլ է արել՝ ներկայացնելով, որ Գալիպոլիի ճակատամարտին նաև հայազգի զինվորականներ են մասնակցել, և հրավերը այդ հիմքն էլ ունի, իբրև թե հայ և թուրք զինվորները ուս ուսի տված են կռվել: Սա քարոզչական պատերազմի մեջ Թուրքիայի հակաքայլն էր, որը այդքան էլ մեղմ չէ, և հայկական կողմը ստիպված է հակադարձումներ անել, որպեսզի կասեցնի թուրքական այս հնարքները»:
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի