Ռուբլու անկումը սպառնում է 9 երկրի տնտեսությանը, որոնք կախված են Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիների դրամական փոխանցումներից, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով The Guardian-ին:
Թերթը հղում է կատարում Համաշխարհային բանկի տվյալներին, որի համաձայն՝ 2015 թվականին այդ երկրները կարող են կորցնել ավելի քան 10 մլրդ դոլար:
Նոր տնտեսական դժվարությունների ֆոնին նախկին խորհրդային երկրների բազմաթիվ միգրանտներ մտածում են Ռուսաստանից հեռանալու մասին, հայտնում է The Guardian-ը: Բրիտանական թերթը հավելում է, որ այդ երկրներից որոշներում ռուբլու անկումը կարող է հարուցել քաղաքական ճգնաժամ:
Տարածաշրջանի տնտեսությունները սերտ փոխկապակցված են միմյանց հետ ու ռուսական տարադրամի անկումը ազդում է ՌԴ-ի հարևանների տարադրամի վրա, գրում է The Guardian-ը՝ նշելով, որ ռուբլու անկումը արդեն հանգեցրել է Թուրքմենստանում տարադրամի արժեզրկման ու կարող է նպաստել ղազախական տենգերի հետագա նվազմանը:
Համաձայն ՀԲ-ի՝ դրամական փոխանցումներից է կախված Հայաստանի տնտեսության 21 տոկոսը, Վրաստանի տնտեսության՝ 12 տոկոսը, Ղրղզըստանի տնտեսության՝ 31,5 տոկոսը, Մոլդովայի՝ 25 տոկոսը, Տաջիկստանի տնտեսության՝ 42 տոկոսը, Ուկրաինայի տնտեսության՝ 5,5 տոկոսը, Լիտվայի՝ 4,5 տոկոսը, Ադրբեջանի տնտեսության՝ 2,5 ու Ուզբեկստանի՝ 12 տոկոսը: The Guardian-ը նշում է, որ այդ երկրներում դրամական փոխանցումների մեծ մասը կազմում են հենց Ռուսաստանից կատարված դրամական փոխանցումները: