Այսօր լրանում է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության ութ տարին: Այս թեմայի և դրա հսմատեքստում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին այսօր կայացած ասուլիսում խոսել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը,- տեղեկացնում է Orer.am-ը:
Ըստ Բ.Նավասարդյանի՝ 2007-2008 թվականներին մի պահ թվում էր, թե հնարավոր է տեղաշարժ լինի երկու երկրների հարաբերություններում, բայց հետո այդ սպասումները չարդարացան:
«Այսօր կարդում էի թուրք հայտնի լրագրող Յավուզ Բայդարի հոդվածը, որը նվիրված էր Դինքի սպանության տարելիցին: Հոդվածի հեղինակը չի հավատում, որ դատավարությունը կբացահայտի սպանության բոլոր մեղավորներին: Հոդվածագիրը նաև լավատես չէ հայ-թուրքական հարաբերությունների հարցում»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ՀՀ նախագահին ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին հրավիրելու մասին՝ բանախոսը նշեց, որ այդ հրավերը մարտահրավեր է: Նավասարդյանը նշում է, որ դա պատահական չէ, քանի որ Թուրքիայի իշխանությունները մի քանի տարի է՝ նախապատրաստվում են ցեղասպանության հարյուրամյակին: Նրանք փոխել են իրենց ավանդական մարտավարությունը և այսօր միջազգային հանրության առաջ փաստում են, որ ողբերգություն տեղի ունեցել է, բայց այդ ողբերգության զոհերը միայն հայերը չեն, պատասխանատուն էլ միայն Թուրքիան չէ, այլ ողջ միջազգային հանրությունը, քանի որ առաջին համաշխարհային պատերազմը շատ զոհեր բերեց մարդկությանը:
Երևանի մամուլի ակումբի նախագահը գտնում է, որ թուրքական այս հնարքը նպատակ ունի փոխել ողբերգության կենտրոնը Հայաստանից և կանգնեցնել միջազգաին հանրությանը երկընտրանքի առաջ: Բորիս Նավասարդյանը նաև հավելում է, որ աշխարհում Էրդողանի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ և շատ հաճախ նույնիսկ բացասական է:
Լևոն Փանոսյան