Սերգո Կարապետյանը Լոռու Ամրակից համայնքում հետևեց կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Լոռու մարզի Ամրակից համայնքում ներկա գտնվեց կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին, զրուցեց գյուղացիների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին:
Այնուհետև լրագրողների հետ զրույցում նախարարը տեղեկացրեց, որ համայնքում այս տարվա ընթացքում երկու անգամ կարկուտ է տեղացել, և իր այցի նպատակն է հասկանալ, թե որքան է կարկտահարությունն ազդել բերքի վրա: «Ես կարող եմ ասել, որ բերքն այնքան էլ վատը չէ: Ճիշտ է, կարտոֆիլը մանր է, սակայն պիտանի օգտագործման համար: Նաև գյուղացիները կարող են այն որպես սերմացու օգտագործել, ինչպես նաև որպես սերմացու վաճառել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:
Գյուղացիների բողոքները հիմնականում վերաբերում էին գյուղվարկերին: Սերգո Կարապետյանը նշեց, որ ՀՀ նախագահն արդեն Կենտրոնական բանկին հորդորել է բոլոր գյուղացիների հետ առանձին աշխատել: «Եթե այդ հարցով խնդիրներ ունեք, դիմեք մեզ: Ոչ մեկից պարտադրանքով տոկոսները չեն վերցնելու»,- նշեց նախարարը:
Գյուղացիներից մեկն էլ շնորհակալություն հայտնեց կառավարությանը այն բանի համար, որ իրենց համայնքում վերջապես հակակարկտային կայան է տեղադրվել, սակայն նախարարին խնդրեց քայլեր ձեռնարկել, որպեսզի ևս երկու նման կայան տեղադրվի: Նախարարն էլ խոստացավ, որ եթե որևէ ծրագիր լինի, ինքը կաջակցի, որպեսզի այդ ծրագրի շրջանակում ևս երկու հակակարկտային կայան տեղադրվի տարածքում: