«Նովայա գազետայի» աղբյուրը Հայաստանի կառավարությունում հայտնել է, որ Ավետիսյան ընտանիքին սպանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովի նկատմամբ դատական պրոցեսը տեղի կունենա Հայաստանի տարածքում, սակայն նրան կդատի Ռուսաստանի Ռազմական դատարանը: Այս մասին հայտնում է Orer.am-ը:
Դատավճռի հրապարակումից հետո հանցագործը կուղարկվի Ռուսաստան՝ կրելու սահմանված պատիժը: Պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել:
Ինչպես հայտնի է դարձել «Նովայա գազետային», որոշումը կայացվել է երկկողմանի բանակցությունների ժամանակ: Հայտնի է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը այսօր ժամանել է Երևան:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաև նա: