Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայողները 2016թ. գարնանից կփոխարինվեն պայմանագրային զինծառայողներով: Այս մասին հայտնում է Interfax-ը` վկայակոչելով ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցչին:
Այս ոչ պաշտոնական հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Գյումրիում ժամկետային զինծառայողը սպանեց մի ամբողջ ընտանիքի: Նախօրեին մահացավ նաև Ավետիսյանների ընտանիքի 7-րդ անդամը՝ Պերմյակովի կողմից վիրավորված երեխան:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը 2016թ. գարնանից համալրվելու է բացառապես պայմանագրային հիմունքներով ծառայող զինվորներով:
«Վերջին զորակոչիկը կլքի Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան 2016թ. գարնանը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ նման որոշումը կայացվել էր դեռ անցած տարի և ոչ մի կերպ կապված չէ Գյումրիի ողբերգական իրադարձությունների հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: