ՀՀԿ-ական պատգամավորը դեմ է սգո օր հայտարարելուն
SocietyԱյսօր լրագրողներին է հանդիպել Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը,- տեղեկացնում է Orer.am-ը: Պատգամավորը նշեց, որ Գյումրիի ողբերգական դեպքերի հետ կապված ամենակարևոր հարցն այն է, թե ո՞րն է եղել ռուս զինծառայողի ոճրագործություն իրականացնելու դրդապատճառը: Ըստ նրա՝ այս ողբերգական օրերին տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք քաղաքական շահարկումների և նոր սադրանքների հիմք հանդիսացան: ՀՀԿ ներկայացուցիչն հայտնում է նաև, որ չի կարելի մարդկանց սուգն օգտագործել քաղաքական նպատակներով, բողոքի ակցիաները պետք է լինեն խաղաղ նպատակներով, իսկ սադրանքներն այս պարագայում հղի են մեծ վտանգներով: Լրագրողների այն հարցին, թե ո՞վքեր են այդ սադրիչները, պարոն Ավետիսյանը հրաժարվեց պատասխանել: « Ի՞նչ է նշանակում սգի մեջ գտնվող մարդկանց ուղարկել զորմասի զինված պահակախմբի վրա: Առանց դրա էլ քի՞չ ենք անմեղ զոհեր տալիս»,-հարցադրում է անում բանախոսը: Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ երեկ ամբողջ օրը եղել է Գյումրիում և այնտեղ դրությունը լարված չէ, իսկ լրատվամիջոցները որոշակի առումով սադրիչ տեղեկատվություն են փոխանցում: Նշենք, որ Ավետիսյանը հանդիպել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ և քննարկել Գյումրիում ստեղծված իրավիճակը: Պատգամավորն այն կարծիքին, որ չարժի սգո օր հայտարարել, քանի որ այսօր ամբողջ հայ ժողովուրդն սգում է, իսկ հատուկ սգո օր հայտարարելը զուտ պետական որոշում պետք է լինի: