Ազատության հրապարակում Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հայր տեր Վահան Առաքելյանը հունվարի 20-ին հոգեհանգստյան կարգ մատուցեց' ի հիշատակ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի անդամների: Այս պահին մարդկանց հոսքը չի դադարում Ազատության հրապարակ: Նրանք իրենց հետ բերում են խաղալիքներ, կոնֆետներ, ծաղիկներ: Հավաքվածները հոգևորականների հետ միասին աղոթեցին փոքրիկ Սերյոժանի և իր ընտանիքի հոգու հանգստի և խաղաության համար:
«Ի դեմս Արարատյան հայրապետական թեմի ողջ հոգևոր դասի և հավատացյալների անունից՝ մեր ցավակցական խոսքերն ենք հայտնում մեր ամբողջ ազգին, որն այսօր հայտնվել է այսպիսի ցավալի իրողության մեջ: Եվ բոլորս միասին աղոթենք Ավետիսյան ընտանիքի հոգու խաղաղության համար՝ հայցելով Տիրոջ սերն ու ողորմությունը նրանց համար: Նաև այսօր մեր պարտքն է աղոթելու մեր զինվորների համար, ովքեր մեր հայրենիքի պահպանման սրբազան գործի իրենց ծառայության պարտքն են կատարում և իրենց կյանքն են տալիս: Թող Աստված նաև իրենց հոգուն խաղաղություն պարգևի», - արարողւթյունից առաջ հավաքվածներին դիմեց տեր Վահան Առաքելյանը:
Արարողությունից հետո, որին ձայնակցում էր «Օվսաննա» հոգևոր երգչախումբը, քաղաքացիները շարունակեցին մոմավառությունը, որն սկսվել էր դեռ երեկ երեկոյան և շարունակվում էր այսօր ամբողջ օրը: