Հունվարի 20-ին տեղի է ունեցել «Մեկ դար տևած ցեղասպանություն. Բաքվի սև հունվար» ֆիլմի շնորհանդեսը,- տեղեկացնում է Orer.am կայքը: Այն նկարահանվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում:
Ֆիլմը նվիրվում է Բաքվում հայերի 1990 թվականի հունվարյան ջարդերի 25-րդ տարելիցին: Անցյալ դարի 90-ականների պատմությունները զուգորդվում են նաև դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած եղեռնի պատմություններով:
Ֆիլմի համար աղբյուր են ծառայել Միացյալ Նահանգներում բնակվող, Բաքվից փախած հայ փախստականների հարցազրույցները:
Լրագրողների հետ զրույցում «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը նշում է. «Ուղիղ 25 տարի առաջ դրվեց Բաքվի հայության վերջին կետը: Շատ կարևոր է տեսագրել այն մարդկանց հիշողությունները, որոնք տեսել են այդ սարսափը»:
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ֆիլմի համահեղինակ Լարիսա Ալավերդյանն էլ նշում է, որ այս ցեղասպանության մեղավորները պատասխանատվության չկանչվեցին և այս հարցը փակվեց, Մադրիդյան սկզբունքներում էլ ոչինչ չի ասվում փախստականների մասին:
«Անպատժելիությունը մեր պասիվության հետևանքն է: Մեր պատկան մարմինների խնդիրն է պետական մակարդակով բարձրացնել այս հարցը»,- կարծիք է հայտնել Լարիսա Ալավերդյանը:
Լևոն Փանոսյան