Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Գորիսի նստավայրում, հունվարի 20-ին տեղի էր ունեցել հերթական դատական նիստը, որի ընթացքում ամբաստանյալ Ավթանդիլ Մարտիաշվիլիի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն հանդես էր եկել պաշտպանական ճառով: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրական եզրակացությունը հիմնավորված չի եղել և հակասել է ձեռք բերված ապացույցներին:
Հիշեցնենք, որ Ավթանդիլ Մարտիաշվիլիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել եւ մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:
Orer.am-ի հետ զրույցում փաստաբան Թեյմուրազ Մայսուրաձեն նշեց. «Ավթանդիլ Մարտիաշվիլին շուրջ քսան տարի է՝ Եվրոպայում բեռնափոխադրումներ է իրականացնում եւ երբեւէ որեւէ անօրինական գործարքի մեջ չի մտել, նրա անունը երբեք չի սեւացվել եւ կապվել հանցավոր գործարքների կամ խմբավորումների հետ»:
Մայսուրաձեն հավելեց, որ համաձայն չէ կայացված դատավճռի հետ. «Ես շատ եմ հարգում հայերին, այստեղ թե՛ իրավական, թե՛ այլ ոլորտներում իրոք լավ մասնագետներ կան, հայկական ինտելիգենցիան միշտ է աչքի ընկել, և ես մեծ հույս ունեմ, որ այս հարցն այսպես չի թողնվի: Ես մոտ երեք ժամ թարգմանչի օգնությամբ կարդացի իմ պաշտպանական ճառը, բայց, ինչպես տեսնում ենք, այստեղ ինչ-որ բան այն չէ. դատավորը 15 րոպե անց եկավ եւ դատավճիռը կարդաց: Որպես փաստաբան ես լավ եմ տիրապետում Հայաստանի Հանրապետության թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական օրենսգրքերին եւ կարող եմ ասել, որ այս պարագայում Ավթանդիլ Մարտիաշվիլիի իրավունքները ոտնահարված են: Այս գործում իրար հակասող շատ փաստեր կան: Մենք գնալու ենք մինչեւ վերջ, ես դիմելու եմ վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան, մի խոսքով անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարություն հաստատվի»,-նշում է փաստաբանը:
Նշենք, որ առանձնապես խոշոր չափերի հերոին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման:
Սոսե Չանդոյան