Շատ կարևոր է, որ Գյումրիի դեպքերի նախաքննությունը վարեն ՀՀ քննչական մարմինները, որպեսզի հայ հասարակությունը կարողանա վերահսկել դրա ընթացքը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Քրեական գործի նախաքննական ընթացքին հետեւելու հնարավորություն հայկական կողմը չունի, քանի որ գործը գտնվում է ռուսական մարմինների վարույթում: Ես կարծում եմ, որ ճշմարտության բացահայտման գործում կարեւոր է, որ նախաքննությունը վարեն Հայաստանի քննչական մարմինները: Այդ կերպ Հայաստանի հանրությունը, լրագրողները, պատգամավորները կօգտվեն օրենքով սահմանված հնարավորություններից՝ նախաքննության ընթացքին հետեւելու, տեղեկանալու, վերահսկելու դրա օրինականությունը: Երբ գործը գտնվում է ռուսական մարմինների վարույթում, մենք փաստացի այդ հնարավորությունից զրկված ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքով՝ մենք պետք է համոզված լինենք, որ բացահայտել ենք ճշմարտությունը:
«Չնայած հավաստիացումներ են հնչում, թե Պերմյակովը ցմահ կդատապարտվի, սակայն ասեմ, որ այստեղ խնդիրը միայն պատիժն ու պատժաչափը չէ: Մեզ հարկավոր է իմանալ ճշմարտությունը: Հայ հանրության համար կարեւոր է ոչ միայն տեսնելը, որ հանցագործը դատապարտվել է, այլեւ հանցագործության դրդապատճառին եւ հանգամանքներին ծանոթանալն է»,- հավելեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվեց Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքը, իսկ յոթերորդ անդամը` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ յոթ օր անց մահացավ: Միակ մեղադրյալը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է: