Քաջարանի բժշկական կենտրոնում քաղաքացիներին հեպատիտ C հիվանդությամբ վարակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն դեռ «մեղավորներ» չեն հայտնաբերվել: Գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը հիշեցնում է որ քաղաքացիները վարակվել են դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, դեկտեմբերին արդեն հաստատվել է վարակի առկայությունը, սակայն առողջապահության նախարարությունն այս տեղեկատվությունը թաքցրել է, թերևս հույս ունենալով կոծկել խնդիրը: Հունվարի 13-ին միայն այս մասին հաղորդագրություն տարածվեց, երբ լրատվամիջոցներն արդեն անդրադարձել էին խնդրին: Ըստ ԱՆ տեղեկատվության, վարակվածները 8-ն են, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, ավելի քան մեկ տասնյակ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով (1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում) և 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը): Դեռ ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվել, մինչդեռ վարակված քաղաքացիներն իրենց բողոքներում մանրամասն գրել են, թե երբ ու ինչ վիրահատության ենթարկվելիս են վարակվել հեպատիտ C-ով:
Քրեական գործը թմբիրից արթնացրեց նախարարությանը, երեկ արդեն առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը, որի մեջ ընդգրկված է գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, վերջապես մեկնել է Քաջարան՝ «պարզելու» վարակի ծագումը: Թե այս հանցագործության համար ովքեր կպատժվեն, դեռ հայտնի չէ, չի բացառվում, որ ամեն ինչ ավարտվի պատասխանատուներին ընդամենը աշխատանքից հեռացնելով»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: