Կալիֆորնիայի սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ուսուցման բանաձևը
International newsԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատը օգոստոսի 26-ի երեկոյան 36 կողմ, առանց դեմ ձայների ընդունել է Հայոց ցեղասպանության ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին AB-659 բանաձևը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, Կալիֆորնիա ն ահանգի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանի հեղինակած բանաձևը հիմնված է 1985 թվականին ընդունված AB 1273 օրինագծի վրա, որը Հայոց ցեղասպանության ուսուցումը ներառել է սոցիալական գիտությունների ուսումնական ծրագրում:
Ապրիլին AB-659 բանաձևը միաձայն ընդունվել էր Կալիֆորնիայի Նահանգային վեհաժողովի կողմից և փոխանցվել Սենատ: Այժմ այն կներկայացվի նահանգապետի ստորագրմանը, որով էլ օրենքի ուժ կստանա:
«Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի արևելյան ափի գրասենյակը ողջունում է Կալիֆորնիայի նահանգային սենատին' այս վճռորոշ ուսումնական բանաձի ընդունմանն ուղղված իրենց պատրաստակամության և աջակցության համար, ինչպես նաև' սենատորներ Դե Լեոնին և Մարկ Ուիլանդին, բանաձևի համահեղինակներ Ադրի Նազարյանին և Խաչո Աչաջյանին իրենց անսասան նվիրվածության և առաջնորդության համար»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի նախագահ Նորա Հովսեփյանը:
AB-659 բանաձևը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութեր ներառել Կալիֆորնիայի հասարակական դպրոցների «Պատմություն» առարկայի ծրագրերում, ընդլայնել հայերի, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների, Հոլոքոստի մասին պատմող բանավոր վկայությունների մատուցումը: