Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի՝ անցումային տնտեսությամբ երկրներում բարձրանում է անհավասարության և աղքատության մակարդակը։ Շրջանի երկրներից մեծամասնությունում կրճատվում է մարդկանց կյանքի տևողությունը։
Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում ծայրահեղ աղքատության պայմաններում է ապրում բնակչության մեկ քառորդից մինչև մեկ երրորդը, գրում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը։
Այդ մասին նշվում է նոր հետազոտությունում, որը պատրաստել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։
«Պատմականորեն հետսոցիալիստական ժամանակաշրջանում այդ երկրներում պահպանվել է եկամուտների համեմատաբար հավասար բաշխում, սոցիալական ապահովության համեմատաբար լայն հասանելիություն և գենդերային անհավասարության համեմատաբար ցածր մակարդակ»,- նշել է ՄԱԿ-ի Տարածաշրջանային կենտրոնի ավագ խորհրդական Բեն Սլեյը։
Նրա խոսքով՝ այսօր անհանգստություն է առաջացնում այդ առավելությունների կորուստը, իսկ անհավասարության խնդիրները նույն բնույթն են ձեռք բերում, ինչ որ այլ շրջանների զարգացող երկրներում։
Նոր զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ աղքատությունը «մնում է լուրջ խնդիր քիչ հարուստ նախկին խորհրդային հանրապետություններում», մասնավորապես՝ Վրաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում։
Փորձագետները նշում են, որ շրջանի երկրներում հայտնվել են «նոր աղքատներ», նրանց թվում են քիչ կարողություններով աշխատավորները, ներառյալ՝ կրթության, առողջապահության, գիտության և արվեստի ոլորտների աշխատողները։ Աղքատանալու սպառնալիքը հատկապես բարձր է գյուղական շրջանների բնակիչների համար։
Կյանքի տևողության մակարդակը՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում, նվազում է։