Դժվար է այսօր պատկերացնել իգական սեռի որեւէ ներկայացուցչի, ով իր զգեստապահարանում գոնե մեկ տոնական զգեստ չունենա, էլ չենք խոսում առօրյա զգեստների մասին։ Լինի տոների, թե սովորական օրերի համար, զգեստը յուրահատուկ կերպով ընդգծում է կանացիությունն ու առավել հմայիչ դարձնում այն կրողներին։ Համաշխարհային նորաձեւությունը ամեն սեզոնի համար զգեստների նոր տարբերակներ ու ձեւեր է առաջարկում, սակայն կան զգեստի մի քանի տեսակներ, որոնք, անկախ նորաձեւության միտումներից, ցանկալի է, որ լինեն յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում։ Դրանք են՝
1. «Մատիտ» զգեստ
Սա հանրահայտ՝ «մատիտ» կոչվող կիսաշրջազգեստի այլ՝ զգեստային տարբերակն է։ Նման զգեստն ընդգծում է կնոջ կառուցվածքը, ուստի պետք է ուշադիր լինել եւ գնել այնպիսի կտորից կարված զգեստ, որը կթաքցնի ձեր մարմնի թերություններն ու առավել ձիգ կդարձնի այն։
2. Վերնաշապիկ զգեստներ
Վերջին մի քանի սեզոնի ամենանորաձեւ հագուստը։ Այս զգեստն առավել շատ առօրյայի, քան տոնական օրերի համար է։ Ազատ ոճի զգեստ է, որը կարելի է համադրել ինչպես կոշիկների, այնպես էլ կեդերի հետ։
3. Գործված զգեստներ
Նման զգեստներն առավել արդիական են դառնում աշնանը եւ ձմռանը։ Դե, իհարկե, ցուրտ եղանակին դրանք առավել, քան երբեւէ հարմար են. ե'ւ տաք են, ե'ւ գեղեցիկ։
4. Փոքրիկ սպիտակ զգեստ
Այո', ինչպես սեւ փոքրիկ զգեստն է անհրաժեշտ կնոջ զգեստապահարանում, այնպես էլ՝ սպիտակը։ Այս գույնը հավերժ նորաձեւ գույներից է, ուստի նման զգեստ ընտրելով՝ միշտ նորաձեւ կլինեք։
5. Փոքրիկ սեւ զգեստ
Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Եթե մյուս չորս տեսակի զգեստները ցանկալի է, որ լինեն կանանց զգեստապահարանում, ապա փոքրիկ սեւ զգեստը պարտադիր է։ Այն շատ պրակտիկ է եւ համադրելի ցանկացած տեսակի աքսեսուարների եւ կոշիկների հետ։ Ունենալով նմանատիպ զգեստ՝ դուք միշտ կարող եք փորձարկումներ անել ձեր կերպարի հետ՝ ամեն անգամ զգեստը ներկայացնելով տարբեր ոճում։
- See more at: http://style.news.am/arm/news/19502/hing-zgest-or-partadir-e-unenal-zgestapaharanum.html#sthash.278WTbI8.dpuf