Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան ներկայացրել է լրացուցիչ իրականության ակնոց, որը կրում է HoloLens անվանումը, այն վաճառքի կհանվի մինչև 2015 թվականի վերջը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
HoloLens-ում ներսարքված է հատուկ չիպ, որի միջոցով ակնոցը կարող է հոլոգրաֆիկ պատկերներ դնել իրական օբյեկտների վրա, ասված է կորպորացիայի հաղորդագրության մեջ: Ակնոցը նաև ճանաչում է օգտատիրոջ ժեստերը, ձայնը և հայացքի ուղղությունը: Հոլոգրաֆիկ պատկերների հետ փոխգործակցությունը թույլ է տալիս խաղալ տեսախաղեր, ստեղծել 3D-մոդելներ, անցկացնել տեսազրույցներ:
Այս գաջեթն ինքնավար է, տեղեկատվության մշակման համար օգտագործվում է սկզբունքորեն նոր պրոցեսոր՝ HPU (Holographic Processing Unit):
ՏԱՍՍ-ը նշում է, որ հոլոգրաֆիկ պատկերների ենթակալը ներսարքված կլինի Microsoft-ի գործառնական համակարգի նոր տարբերակում՝ Windows 10-ում, որը ներկայացրել է կորպորացիան: Դա ընկերությանը թույլ կտա հավելվածների ստեղծման գործում ներգրավել այն մշակողներին, որոնք մասնագիտացած են վիրտուալ և լրացուցիչ իրականության բնագավառում: