Ցեղասպանության 100-ամյա տարելիցը առիթ է՝ կրկին հնչեցնելու մեր պահանջները. Արա Պապյան
Society«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօրվա մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել, որ Հայաստանը դադարել է լինել միջազգային իրավունքի սուբյեկտ: Այս մասին հայտնում է Orer.am-ը: Ըստ նրա՝ հայ-թուրքական հարաբերություններն այսօր շատ ավելի սկսել են դիտարկվել Արևմուտք-Թուրքիա, Ռուսաստան-Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա, նույնիսկ քրդա-թուրքական հարաբերությունների դաշտում, քան` Հայաստան և Թուրքիա: Ա.Պապյանը նշեց, որ Հայաստանը պետք է առաջնային դեր ունենար, և Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը պետք է առիթ լինի, որպեսզի հայերս կրկին հնչեցնենք մեր պահանջները, մեկ անգամ ևս ամրագրենք մեր իրավունքները: Բանախոսը գտնում է, որ հարյուրամյակին ընդառաջ մենք չունենք ծրագրերի փաթեթ: «Մենք պետք է հստակեցնենք այն առանցքային հարցը, թե ո՞րն է եղել Ցեղասպանության նպատակը: Իմ համոզմամբ՝ նպատակը մեր հայրենիքի բռնազավթումն էր: Ժողովրդին կոտորելը միջոց էր այդ նպատակին հասնելու համար: Այստեղ ես ուզում եմ հատուկ շեշտել, որ Թուրքիայի Հանրապետությունը բռնազավթել է ոչ թե Հայկական լեռնաշխարհի կամ Պատմական Հայաստանի, այլ հենց իրավական առումով Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների զգալի մասը»,- հայտարարեց նա: Անդրադառնալով Էրդողան-Սարգսյան նամակագրությանը՝ Արա Պապյանը դրական գնահատեց Սերժ Սարգսյանի մերժումը՝ ապրիլի 24-ին մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի միջոցառմանը: Ա.Պապյանը պնդեց, որ ՀՀ նախագահը մերժելով չպետք է բավարարվեր: Ըստ Պապյանի՝ Ս.Սարգսյանի նամակում պետք է լիներ մեղադրական այն երկրի նախագահի հանդեպ, որը բռնազավթած է պահում Հայաստանի տարածքի մի հատվածը: