Ֆրանսիական «Le Droit de Vivre»-ն ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին և Հայոց ցեղասպանությանը
Աշխարհի առաջին հակառասիստական ամսագիրը' ֆրանսիական «Le Droit de Vivre»-ը, 2015թ. հունվարի իր համարում ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանին և Հայոց ցեղասպանությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համարում համառոտ կերպով անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության ժամանակագրությանը և հետագայում Ցեղասպանությանը վերաբերող հիշարժան իրադարձությունների տարեթվերին: Ներկայացվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարը և այդ ճանապարհին Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականությունը: Հարցազրույցներ են ներկայացվում հայտնի ցեղասպանագետների և միջազգային փորձագետների հետ:
Անդրադարձ է կատարվում Ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայերի ժառանգների կյանքի պատմությանը, որոնց մի զգալի մասն էլ ժամանակին հաստատվել է Ֆրանսիայում: Այդ համատեքստում նյութի հեղինակները ներկայացնում են Ֆրանսիայի հայ համայնքի առօրյան ու վերջինիս համախմբվածությունը' Ցեղասպանության ճանաչման համար պայքարի գործում:
Խոսվում է նաև 2014թ. սեպտեմբերի 22-ին ահաբեկիչների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման և այդ հարցի շուրջ միջազգային քննադատական արձագանքի մասին:
Հայաստանին նվիրված հատվածում ներկայացվում է նաև տարբեր ժամանակներում' սկսած 20-րդ դարի առաջին կեսից մինչև մեր օրերը նկարահանված' Հայոց ցեղասպանությանը նվիրված տարբեր ֆիլմերի պատմությունը: