Երևանի տոնավաճառների աշխատակիցները՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել, ովքեր պայքարում են փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ,- տեղեկացնում է Orer.am-ը։
Ըստ օրենքի՝ փոքր ու միջին ձեռնարկատերերի, տոնավաճառների աշխատողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնում են 1 տոկոս, բայց վերջիններս պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններին:
Վաճառականները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վարչապետին գրած նամակում առաջարկում են 1 տոկոս դրույքաչափի դեպքում աշխատել փաստաթղթաբանությամբ, 3,5 դրույքաչափի դեպքում՝ առանց փաստաթղթերի և հաստատագրված վճարով: Վաճառականները նշում են, որ վարչապետը չի արձագանքել իրենց նամակներին:
Կառավարության դիմաց տոնավաճառի աշխատողների հետ խոսելու համար ներքև իջավ ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով առաջարկեց խմբով բարձրանալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ: Ցուցարարները մերժեցին նրա առաջարկը և նշեցին, որ իրենց պահանջը մեկն է՝ օրենքի կասեցում:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ պետք է մտներ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ փոքր ու միջին ձեռնարկատերերի, տոնավաճառների աշխատողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնում են 1 տոկոս, բայց վերջիններս պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններին:
Լևոն Փանոսյան