Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղ քննարկում են համագործակցությունը շարունակելու նոր իրավական հիմքեր ձևավորելու հարցը: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք Եվրամիության հետ քննարկում ենք համագործակցության համար իրավական հիմք ձևավորելու հարցը, որովհետև երկու կողմերն էլ ցանկություն ունեն շարունակել, խորացնել և զարգացնել համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը հայտարարել են համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու իրենց ցանկության մասին: «Վերջերս Բրյուսելում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության 15-րդ խորհրդաժողովի ընթացքում Եվրոպական միության ներկայացուցիչներն ինձ ասում էին, որ ցանկանում են Հայաստանի հետ շարունակել համագործակցությունը և դրա համար հարկավոր է գտնել իրավական հիմքը, որը չի խանգարի Հայաստանի՝ այլ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությանը: Կարող եմ ասել, որ մենք ընդհանուր միասնական ձգտում ունենք շարժվել առաջ»,- նշեց նախարարը:
2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի ժամանակ Հայաստանն ու Եվրամիությունը հանդես եկան հայտարարությամբ' շարունակելու համագործակցությունն այն ոլորտներում, որոնք չեն հակասի Հայաստանի՝ ԵՏՄ-ի հետ համագործակցությանը: