Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում»-ը Գեղարքունիքում շարունակում է աջակցության ծրագրերը
Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջեւ 2013 թվականի հոկտեմբերին ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» միջազգային հասարակական կազմակերպությունն այս տարվա ընթացքում նախաձեռնել եւ իրականացնում է մարզի առողջապահական հիմնարկների աջակցության ծրագրեր:
«Արմենպրես»]-ի տեղեկացմամբ' մարզի առողջապահական որոշ հաստատություններում իրականացվող աշխատանքների հետագա քայլերը համաձայնեցնելու եւ հստակեցնելու նպատակով օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության տնօրեն Բետրան Դվիմյոյին:
Ըստ ֆրանսիական կողմի ներկայացման' ընթացքի մեջ են Արտանիշ եւ Թթուջուր գյուղական համայնքների բուժկետերի վերանորոգման եւ առաջին անհրաժեշտության բուժսարքավորումներով վերազինելու աշխատանքները: Նախատեսվում է նաեւ նշված բուժկետերում ջեռուցման նպատակով նորագույն էլեկտրական վառարանների տեղադրումը:
Դվիմյոյի հավաստմամբ' ավարտին է հասցվել Ճամբարակի տարածաշրջանի մի շարք գյուղական համայնքների բուժաշխատողների վերապատրաստման ծրագիրը, որի շրջանակներում առաջիկայում նրանց կբաժանվեն առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պար ագաներով բժշկական պայուսակներ: Ընթացքի մեջ են Գավառի պոլիկլինիկայի մասնակի հիմնանորոգման աշխատանքները, միաժամանակ նախատեսվում է որոշ բուժկետերի տրամադրել նաեւ բժշկական կշեռքներ եւ հասակաչափեր, կառուցել սանհանգույցներ: Անհրաժեշտ է մի քանի տեսակի բուժզննման սարքավորումներով համալրել Սեւան քաղաքի պոլիկլինիկան եւ հիվանդանոցը:
Տալով իր համաձայնությունը սկսված ծրագրերի շուրջ եւ արտահայտելով իր շնորհակալությունն Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդին ու Գրենոբլի քաղաքապետարանին' Ռաֆիկ Գրիգորյանը միաժամանակ նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստ է աջակցել զարգացման բոլոր ծրագրերին, որոնք նախատեսված են Գեղարքունիք-Իզեր համագործակցության հուշագրի շրջանակներում, սակայն պայմանով, որ ծրագրերի ներդրման մասին որոշումները կայացվեն ոչ թե առանձին հաստատությունների տնօրենների ցանկությամբ կամ թելադրանքով, այլ համընդհանուր ու համատեղ քննարկումների արդյունքում:
«Մենք պետք է հասնենք նրան, որ առողջապահական ոլորտում կատարված ներդրումները ոչ միայն գոհացնեն տվյալ հաստատության տնօրենին կամ բուժանձնակազմին, այլ սպասարկվող բնակչությանը' տալով տեսանելի եւ դրական արդյունքներ: Բոլոր կարգի ներդրումները պետք է լինեն միայն նպատակային եւ արդարացված»,- շեշտեց Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը նաեւ պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում փորձել աջակցել այն ծրագրերին, որոնց իրականացման հարցում Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհուրդը եւ Գրենոբլի քաղաքապետարանը կունենան ֆինանսական դժվարություններ:
Խոսրով խլղաթյան