Քեմերոնը և Ռոմպյոյը անհրաժեշտ են համարել Ուկրաինայի իրադրության կապակցությամբ ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա
International newsՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը հայտարարել են Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Քեմերոնի և Ռոմպյոյի միջեւ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Եվրամիության գագաթնաժողովի նախօրեին, որը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 30-ին: Այդ իրադարձության շրջանակներում, ինչպես սպասվում է, Հերման վան Ռոմպյոյը առանձին հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ընթացքում կողմերը հանգամանորեն կքննարկեն ստեղծված իրադրությունը եւ Եվրամիության դիրքորոշումը:
«Ուկրաինայի իրադրության շուրջ երկու ղեկավարները համաձայնել են, որ ԵՄ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել ՌԴ-ի նախագահի վրա իրադրության ապաէսկալացման հասնելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդվում է փաստաթղթում, ուկրաինական ճգնաժամը ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովի համատեքստում Մեծ Բրիտանիայի վարչապետը քննարկել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Քեմերոնը և Մերկելը «համաձայնել են, որ ուկրաինական ճգնաժամի ռազմական լուծում չի կարող լինել», իսկ ՌԴ-ի ղեկավարությունը, իր հերթին, «պետք է բանակցություններ սկսի, որոնց նպատակը պետք է լինի հակամարտության քաղաքական լուծումը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: