ԵՐԵՎԱՆ – Օրերս ArmComedy.com լրատվական կայքը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ՀՀԿ անդամ Հակոբ Ճ. Հակոբյանը սպառնում է նկարել ֆիլմ Տիգրան Մեծի մասին: Սույնով ցանկանում ենք հայտնել, որ տվյալ հոդվածը չէր համապատասխանում իրականությանը:
«Որևէ աղերս իրական դեպքերի հետ այս հոդվածը չունի», – նշում է չարաբաստիկ հոդվածի հեղինակ Սերգեյ Սարգսյանը, – «Ցավում եմ, որ նման հիմար ապատեղեկատվություն եմ տարածել և զգալի հարված հասցրել հայկական կինոարվեստին: Չգիտեմ՝ որտեղից այդքան չարություն և տգիտություն է մտել մեջս…»:
Մեր տեղեկությունների համաձայն՝ «Հիշողություն» ֆիլմի ֆեյսբուքյան էջը կապվել է ArmComedy-ի հետ և պահանջել հերքում հրապարակել այդ ստահոդ հոդվածի վերաբերյալ:
Նամակի մեջ մասնավորապես նշված է. «Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան էջ նախ չունի, երկրորդ՝ Valdemar Poghosyan անունով աշխատակից էլ չունի»: Անհերքելի փաստերի լույսի ներքո հոդվածի հեղինակը տեղի է տվել և ներողություն հայտնել ստահոդ տեղեկությունների համար:
«Սրտանց ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում կամա թե ակամա նեղացրել է իմ ստահոդ և չարամիտ ապատեղեկատվությունը», – ասել է Ս. Սարգսյանը մեր թղթակցին՝ հավելելով, – «Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ նաև ուզում եմ շնորհավորել բոլորիդ Նոր տարին և Սուրբ ծնունդը»:
Ապատեղեկատվության հեղինակը ականատեսների պդնմամբ եկեղեցում բազմաթիվ մոմեր է վառել` հայցելով ներողություն իր հիմարության համար: Որոշ աղբյուրներ պնդում են, որ այս պահին ևս նա դեռ եկեղեցում է:
«Հիշողություն» ֆիլմի FB էջի նամակը ArmComedy-ին«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հոկոբ Հակոբյանը չի պատրաստվում նկարահանել ֆիլմ Տիգրան Մեծի մասին, որտեղ հայոց թագավորը գրավում է Թուրքիան և սպանում տխրահռչակ փաշաներին և կապ հատատում ռուսաց Պետրոս առաջին թագավորի հետ», – շարունակում է Սարգսյանը, – «Նաև ասեմ, որ այն լուրը, թե Հակոբ Հակոբյանի կինոստուդիայի տնօրենն է Valdemar Poghosyan-ը ևս ստահոդ է և չի համապատասխանում իրականությանը: Խոսքեր չեմ գտնում՝ նկարագրելու այն ցավը, որ զգում եմ այս խոստովանությունն անելով»:
Հիշեցնենք, որ վերջերս քննարկման թեմա է դարձել առայժմ լույս չտեսած «Հիշողություն» ֆիլմը, որի սցենարի հեղինակն է ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Ճ. Հակոբյանը (այո, այո, հենց նա, – խմբ.):
Նյութի աղբյուր` Armcomedy.com