Կալիֆորնիայի Սենատի բանաձևը ցայտնոտի մեջ է գցել պաշտոնական Բաքվին
International newsՊաշտոնական Բաքվին հիստերիայի է հասցրել Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վրդովմունքով հայտնել է, որ որևէ պետության նահանգ իրավունք չունի նման որոշումներ կայացնել: Նա մեղադրել է Սենատի անդամներին հայկական լոբբիստական կազմակերպությունների համար աշխատելու մեջ:
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը: Հայտարարության մեջ Ադրբեջանի ներկայացուցիչներն անընդունելի էին համարել Սենատի կայացրած որոշումը' մեղադրելով ԱՄՆ-ին ժողովրդավարության և քաղաքական համակարգերում թերացումների մեջ:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը օգոստոսի 27-ին 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Բանաձևը սենատին ներկայացրեց սենատոր Քևին դե-Լեոնը' նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է և մոտ 100 տոկոսով բնակեցված է հայերով:
«Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազանց շատ են տառապել անցած դարում, և նրանց տառապանքները շարունակվում են նաև այս դարում: Նրանք արժանի են ունենալու ազատ-անկախ հայրենիք' չգտնվելով հալածանքների վտանգի տակ: Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, և մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկ խումբը չպետք է իշխի մյուսի վրա»,- նշել է սենատորը: Բանաձևի օգտին ելույթ են ունեցել նաև սենատորներ Թոմ Բերիհիլը և Ռիկարդո Լարան: Ֆրեզնոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքն էր, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
2014 թվականի հունվարին նահանգի ամենախոշոր քաղաքներիցԼոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ևս միաձայն ճանաչեց Լեռնային ՂարաբաղիՀանրապետությունը' որպես անկախ և ինքնիշխան պետություն: Արցախի անկախությունըճանաչել են նաև ԱՄՆ չորս նահանգներ' Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը: