Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել է 2005 թվականին Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միության կողմից: Ամենամյա միջոցառումների նպատակը քաղցկեղի մասին իրազեկելն է և ախտականխիչ միջոցառումների խրախուսումը, ինչպես նաև հիվանդության հայտնաբերման և դրա բուժման հարցերի լուսաբանումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Քաղցկեղն աշխարհում մահվան դեպքերի հիմնական պատճառներից մեկն է, ըստ վիճակագրության՝ քաղցկեղն ավելի շատ մարդ է սպանում, քան ՁԻԱՀ-ը, մալարիան և տուբերկուլյոզը միասին վերցված:
Ինչպես հաղորդել է Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը, ամեն տարի օնկոլոգիական հիվանդների քանակն աճում է: Եթե 2010 թվականին քաղցկեղային հիվանդություններից մահացել է 7,5 միլիոն մարդ, իսկ քաղցկեղ է ախտորոշվել 12,6 միլիոնի մոտ, ապա 2012 թվականին այս ցուցանիշները կազմել են 8,5 միլիոն և 14 միլիոն: