Չնայած նրան, որ Տավուշի մարզի գյուղերը, որոնց մենք սովորաբար սահմանապահ գյուղեր ենք անվանում, դարձել են հակառակորդի համար ամենախոցելի հատվածներից մեկը, բայց և այնպես տեղի բնակչությունը երբեւէ չի ընկճվում ազերիների կողմից արձակված գնդակներից:
Հիշեցնենք, որ դեռ մեկ օր առաջ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ժամը 17։30-ից կրակոցները չեն դադարել մինչեւ ուշ գիշեր։ Գյուղացիները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ մինչ 20։00-ն ադրբեջանցիները կրակել են փոքր տրամաչափի զենքերով, իսկ 20։00-ից հետո հակառակորդը օգտագործել է խոշոր տրամաչափի զենքեր։
Այսօր Orer.am-ը, կապ հաստատելով գյուղապետ Մանվել Կամենդատյանի եւ տեղի բնակիչների հետ, փորձեց պարզել թե ինչ իրավիճակ է տիրում գյուղում, ադյո՞ք ազերիները կրկին փորձել են անցնել թույլատրելիի սահմանները: Մեր հարցադրումներին ի պատասխան, Մ. Կամենդատյանը պարզապես նշեց. «Հեռախոսով որեւէ հարցի չեմ պատասխանում»:
Թեպետ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը չցանկացավ որեւէ տեղեկություն տրամադրել, այնուամենայնիվ տեղի բնակիչները Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեցին, որ երեկվա համեմատ, այսօր իրավիճակը համեմատաբար կայուն է:
Սոսե Չանդոյան