«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, որին դիմակավորված անձինք փետրվարի 7-ին ծեծի էին ենթարկել, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Արկադիկի (ենթադրվում է, որ ազգանունը Խաչատրյան) հորեղբոր որդին է: Այս հանգամանքը ստեղծված իրավիճակն ավելի ուշագրավ է դարձնում: Առանց այդ էլ ԲՀԿ ակտիվիստին ծեծելու փաստն ինքնին բազմաթիվ հարցերի տեղիք տվեց, քանի որ մինչ այս, որպես կանոն, հարձակման էին ենթարկվում ընդդիմադիր հայացքների տեր գործիչներն ու ակտիվիստները:
Իսկ այժմ պարզվում է, որ իշխանական էլիտայի պաշտպանության տակ գտնվողն անձինք եւս կարող են հարձակման թիրախ դառնալ: Երեկ հայտնի դարձավ, որ պարզվել է մինչեւ Արտակ Խաչատրյանի առեւանգումը նրան հետապնդած մեքենայի մակնիշը՝ սեւ «Տոյոտա Կորոլա»:
Եթե ՀՀ ոստիկանությանը հաջողվի բացահայտել այս պատմությունը, ապա նրանք կհերքեն տեղի ունեցածի հետ կապ ունենալու վերաբերյալ բոլոր կասկածները:
Արտակ Խաչատրյանը շուտով հանրությանը կներկայացնի փետրվարի 7-ին իր հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները: Այս մասին «Մալաթիա» ԲԿ այցելած Armlur.am-ի թղթակցին հայտնեց ակտիվիստը` հավելելով, որ վերջնականապես կազդուրվելուն պես ինքն իր ասելիքը կասի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: