Tert.am-ը գրում է.
Ռուս թիկնապահներն անհայտ փաստեր են ներկայացրել հայտնի մարդկանց կյանքից, գրում է Комсомольская правда-ն։
Դմիտրի Ֆոնարևը շատ մարդկանց անվտանգությունն է ապահովել իր կյանքի ընթացքում։ 55-ամյա թիկնապահն իր մասնագիտությամբ աշխատում է 35 տարի։ Օրերս Կրասնոյարսկում իր գործընկեր Վիկտորյա Կորչագինայի հետ նա եղել է թիկնապահների շրջանում Սիբիրի բաց գավաթի ժյուրիի կազմում։
«1985-ին Մոսկվայում էր Մուամմար Քադաֆին։ Երբ Լիբիայի առաջնորդը մեկնում էր, արտակարգ դեպք տեղի ունեցավ. օդանավակայան նրան ճանապարհելու էր եկել Անդրեյ Գրոմիկոն՝ Գերագույն խորհրդի նախագահը, իսկ Քադաֆին չկար։ Քնած էր մնացել։ Նա մնում էր Կրեմլի նստավայրում։ Սակայն նրա սենյակ մտնել մեզ արգելված էր։ Որոշվեց խնդրել Քադաֆիի օգնականին արթնացնել նրան։ Ասում են, որ Լիբիայում դեպք է եղել, երբ ինչ-որ մեկն ակնարկել է գնդապետին՝ երբ և ինչ անել։ Բարկանալով՝ Քադաֆին բոլորի ներկայությամբ կտրել է նրա գլուխը։ Իսկ սենյակում թափված արյան վրա լաք է լցրել, որ չմաքրվի։ Այլևս ոչ ոք նրան խորհուրդներ չի տվել։ Նա օդանավակայան եկավ մի քանի ժամ անց։ Եվ այդ ժամանակ ես տեսա Քադաֆիի «ամազոնուհիներին»՝ փարթամ կառուցվածքով կին-թիկնապահների։ Նրանք 8-ն էին, բոլորն էլ մինչև 30 տարեկան»,- պատմել է Ֆոնարևը։
Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել նաև ԱՄՆ-ում 1987թ. դեկտեմբերին, երբ անցկացվում էր Գորբաչովի և Ռեյգանի գագաթաժողովը։ Պաշտոնական այցերից մեկից հետո Միխայիլ Գորբաչովն անհետանում է։ Պարզվում է՝ նա ցանկանում էր զրուցել շարքային ամերիկացիների հետ։ Իսկ հաջորդ տարի Մոսկվա է ժամանում Ռեյգանը և «վրեժ լուծում» Գորբաչովից։ ԱՄՆ նախագահի համար հանդիպում են կազմակերպում մոսկվացիների հետ։