Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Կարգավորիչ գիլյոտին ծրագրի շրջանակներում ձևավորված մի շարք առաջարկներ, որոնք պարզեցնում են բիզնեսի ու քաղաքացիների հարաբերությունները պետության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործադիրի նիստում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը նշեց, որ ներկայացված նախագծերով առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման, օղու ներմուծման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման գործընթացի փոխարեն սահմանել նախնական ծանուցման գործընթաց, հաշվառման կարգ և հաշվառումը մերժել միայն պետական տուրքը չվճարելու դեպքում: «Առաջարկվում է նաև հանել առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր եռամսյակ վաճառատեղերի և վաճառողների վերաբերյալ հաշվետվության ներկայացման պահանջը»,- ասաց Եղիազարյանը:
Հովիկ Աբրահամյանը ողջունեց նախագծերի ընդունումը և ընդգծեց, որ գործադիրը հնարավորինս պետք է գնա պարզեցման: «Խնդրում եմ ձեզ, պարոն Եղիազարյան, շարունակել այս մոտեցումը, որպեսզի հնարավորինս բիզնեսի կյանքը պարզեցնենք, բյուրոկրատական քաշքշուկները, թղթաբանությունը հնարավորինս կրճատենք և նվազեցնենք: Դա շատ կարևոր է»,- ասաց վարչապետը:
Մեկ այլ առաջարկով հանրային սննդի օբյեկտում որպես բարմեն կամ մատուցող աշխատելու համար այևս պարտադիր չի լինի մասնագիտական պատրաստվածության դիպլոմի առկայությունը, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին, օրինակ՝ ուսանողներին, կարճաժամկետ՝ սեզոնային աշխատանք կատարել: