
Քենդալ Ջեները կզարդարի «Allure» ամսագրի շապիկը։ Քենդալն ամսագրի համար լուսանկարվել է գայթակղիչ լողազգեստով, սակայն թերևս ամենագայթակղիչն այս փոքրիկ կապիկն է։ Քենդալը բոլորովին նոր կերպարով է։

Մենք սովոր ենք տեսնել Քենդալին հետ սանրված ուղիղ մազերով, որոնք նա սովորաբար պոչ է կապում։ Այս ֆոտոշարքում Քենդալը հանդես է գալիս ճոխ գանգուրներով և սովորականից ավելի վառ դիմահարդարմամբ։

Այս տպավորիչ լուսանկարների հեղինակը «ֆեշն» լուսանկարիչ Մարիո Տեստինոն է։ Քենդալը հանդիսանում է մոդելային արդյունաբերության ամենապահանջված մոդելներից մեկը։ Ուստի բնավ էլ զարմանալի չէ, որ նա հայտնվելու է այս հեղինակավոր ամսագրի շապիկին։ Սա 80-ականների ոճով ստեղծված ռետրո ֆոտոշարք է։ Հենց այս պատճառով էլ լուսանկարներից մի քանիսը սև-սպիտակ են։

Ինչպես հայտնի է, Քենդալը Քարդաշյանների ընտանիքի անդամ է, սակայն չի մնում հայտնի քույրերի ստվերում, այլ համարձակ կառուցում է իր անկախ մոդելային կարիերան։

Անկախանալու ձգտումը դեռևս անցյալ տարվա փետրվարից էր նկատվում, երբ նա խնդրեց Քիմին ներկա չգտնվել իր դեբյուտին։

Այս առթիվ մոդելն ասել է.
Ես սիրում եմ Քիմին, սակայն ես ցանկանում էի, որ այդ հինգ վայրկյանն ուշադրությունն ինձ վրա կենտրոնացած լիներ։ Եթե ընտանիքիս անդամները նստած լինեին առաջին շարքում, մինչ ես անցնում էի պոդիումով, բոլորը կասեին «Քիմը ներկա է Քենդալի առաջին շոուին», իսկ ես ցանկանում էի, որ այդ շոուն ամբողջովին իմը լիներ։
Ինչ վերաբերում է լուսանկարներում պատկերված կապիկին, նա վաղուց է սովոր աշխատել աստղերի հետ։ Իրականում այս կապիկը պրոֆեսիոնալ դերասան է, որը նկարահանվել է «Ընկերներ» հայտնի հեռուստասերիալում։

Ամսագրի լուսանկարները տարածվեցին երեկ՝ ճիշտ այն ժամանակ, երբ Քենդալը մասնակցում էր «amfAR Gala»-ին։ Քենդալը համարձակորեն քայլեց կարմիր գորգի վրայով։ Նա ինքն էլ կարմիր երեկոյան զգեստ էր կրում այդ օրը։