Esem.am-ը գրում է.
Ռեժիսոր Ելենա Աշակյանի նոր «Անավարտ թռիչք»գեղարվեստական ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Տաթև Հովակիմյանը: Նա սովորում է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնի ավարտական կուրսում՝ Սոս Սարգսյանի անվան արվեստանոցում, նրա վարպետը բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանն է:
2006 թվականի մայիսի 3-ի Երևան-Սոչի ողբերգական չվերթի մասին ֆիլմի հերոսուհուն մարմնավորելու առաջարկը Տաթևը ստացել է ռեժիսորից, ով մինչ այդ իրեն տեսել էր թատրոնում: Դերասանուհու խոսքով՝ մինչ օրս չի նկարահանվել ֆիլմերում, քանի որ շատ խիստ է ընտրել առաջարկները, նախընտրել է ներկայանալ ուսանողական ներկայացումներում:
ESem.am-ի հետ զրույցում Տաթևը շեշտեց, որ այս դեպքում իրեն անմիջապես գրավել է սցենարը, որը շատ գեղեցիկ էր գրված: «Ռեժիսորը՝ Ելենա Արշակյանը, ևս մեկ խթան էր, որ նկարահանվեի ֆիլմում: Երբ թատրոնում աշխատելուց հետո հասկանում ես, որ կարող ես լեզու գտնել ռեժիսորի հետ շատ լավ է, որովհետև թատրոնի և կինոյի ռեժիսորները շատ տարբեր են»,- նկատեց նա:
Այս ֆիլմում նկարահանվելը Տաթևի համար հեշտ չի եղել՝ հաշվի առնելով, որ աչքի առաջ ունեցել է հերոսուհու իրական նախատիպը և հուզիչ պատմությունը: «Երբ խաղում եմ թատրոնում, ես հորինում եմ իմ կերպարը, իսկ այս դեպքում գոյություն ունի իրական հերոսուհին, ում պետք է ներկայացնեմ: Դա շատ դժվար է, քանի որ դու սահմանափակվում ես և չես կարող երևակայել հերոսուհուդ»,- ասաց նա:
Տաթևը հայտնեց, որ հուզիչ հանդիպում է ունեցել իրական հերոսուհու հետ: «Նրանից ստացել եմ չափից շատ էմոցիաներ: Շատ դժվար էր լսել պատմությունը, որովհետև դու պետք է ջնջես այն, նոր սկսես խաղալ. եթե ֆիլմի սկզբում սկսես խաղալ ողբերգությունը, շատ վատ կլինի»,- նկատեց դերասանուհին՝ հույս հայտնելով, որ կարողացել է արտահայտել այն զգացմունքները, որոնք լսել է պատմության ընթացքում:
«Ես անընդհատ մտովի հետ եմ գնում 2006 թվական, հիշում իմ ապրումները՝ դեպքի վերաբերյալ, երբ չէի էլ պատկերացնում, որ տարիներ անց կխաղամ այն աղջկա կերպարը, ով այդ ժամանակ ունեցել է այդ ողբերգությունը: Սոչի մեկնելիս անընդհատ պատկերացնում էի, թե ինչ է եղել ինքնաթիռում տարիներ առաջ: Շատ ծանր էր… Մենք ներկայացնում ենք մեկի ճակատագիրը, բայց այն իր մեջ ամփոփում է բոլոր 113 ուղևորների ճակատագրերը»,- ընդգծեց Տաթևը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: