Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մաքսային համագործակցության գծով կոլեգիայի անդամ (նախարար) Վլադիմիր Գոշինը հուսով է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային օրենսգիրքը կստորագրվի մինչև ընթացիկ տարվա վերջը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք հույս ունենք մինչև 2015 թվականի մարտի 1-ն ստանալու կողմերի դիտողությունները, որպեսզի առաջին կիսամյակում հաշվի առնենք և քննարկենք բոլոր դիտողությունները, այնուհետև դրանք ուղարկենք ստորագրման ընթացակարգի: Մենք հուսով ենք, որ այս տարի նոր փաստաթուղթը կստորագրվի: Եվ 2016 թվականի հունվարի 1-ից կապրենք նոր մաքսային օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Գոշինը, որի խոսքն Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեջբերում է «Նովոստի-Կազախստան» գործակալությունը:
Ըստ որում, նա նշել է, որ Մաքսային օրենսգրքի նախագիծը 2014 թվականի դեկտեմբերին ուղարկվել է Մաքսային միության անդամ երկրներ՝ համաձայնեցման համար: «Փաստաթղթի հիմնական նորույթներից են. առաջին, մենք անցնում ենք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: Մաքսային փաստաթղթաշրջանառությունից գործնականում լիովին բացառվում է թուղթը: Թուղթը հայտնվում է ամենածայրահեղ դեպքերում, երբ չկա էլեկտրականություն, փչացել է համակարգիչը, ֆորս-մաժորային հանգամանքներում»,- իրազեկել է Գոշինը:
«Երկրորդ, ապրանքների ավտոմատ բացթողման հնարավորություն՝ առանց մաքսային տեսուչի մասնակցության: Արտահանման կամ ներմուծման՝ հայտարարված ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին որոշումը կընդունի մաքսային մարմինների ապարատա-ծրագրային համալիրը: Եթե ոչ 100 տոկոսով, ապա առնվազն 50 տոկոսով՝ առանց մարդու մասնակցության»,- պարզաբանել է նա:
Նրա խոսքով՝ օրենսգրքով նախատեսվում է, որ միայն մաքսային հայտարարագրերի տեսքով կտրվի ներմուծման և արտահանման համար տեղեկությունների ծավալը: «Ոչ մի այլ կարգի փաստաթղթեր, որոնց հիման վրա լրացված է հայտարարագիրը, չեն կցվի: Փաստաթղթերը պետք կգան սոսկ այն դեպքում, եթե գործի ռիսկերի վերլուծության համակարգը»,- հավելել է Գոշինը: