Վրաստանը և Հայաստանը համակարծիք են այն հարցում, որ տարածաշրջանում խաղաղության հարկավոր է հասնել ոչ թե զենքի, այլ բանակցությունների միջոցով: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրաստանի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: «Մենք քննարկել ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և համակարծիք ենք այն հարցում, որ տարածաշրջանում պետք է լինեն բարեկամության վրա հիմնված հարաբերություններ, որ սպառազինությունների մրցավազքը պետք է դադարի և խաղաղության պետք է հասնել ոչ թե զենքի, այլ բանակցությունների միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ուսուպաշվիլին:
Նա ընդգծեց, որ հայ և վրացի ժողովուրդները դարերով կողք կողքի պայքարել են ազատության համար՝ վստահեցնելով, որ այս պահին էլ Վրաստանը հայ ժողովրդի կողքին է ցանկացած հարցում: «Մենք ձեր կողքին ենք և կիսում ենք ձեր վիշտը Գյումրիի ողբերգության կապակցությամբ»,- հայտարարեց Վրաստանի խորհրդարանի նախագահը:
Ուսուպաշվիլին նաև գոհունակությամբ ընդգծեց, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական խմբերի միջև առկա է սերտ աշխատանքային համագործակցություն, ինչը նպաստելու է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը և տարբեր հարցեր քննարկելու համար հնարավորություն է տալիս: