Չինաստանի Ցզյանսու արևելյան նահանգում վեց մարդ է մահացել թռչնագրիպի վիրուսից (H7N9), հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Յանցզի վանբաո» թերթին:
Հրատարակությունը նշում է, որ H7N9-ով վարակման նոր դեպք է հայտնաբերվել նաև երկրի հարավում՝ Դունգուան քաղաքում (Գուանդունի նահանգ): Այսպիսով, տարեսկզբից Չինաստանում թռչնագրիպի վիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել 85-ը, դրանցից 28-ը՝ մահաբեր վախճանով:
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Չինաստանում մարդու մոտ թռչնագրիպի վիրուսն առաջին անգամ ախտորոշվել է 2013 թվականի մարտին: Մինչ օրս չկան այն բանի վկայություններ, որ թռչնագրիպը կարող է մարդուց մարդու փոխանցվել օդակաթիլային ուղիով: Մանրէաբանները, սակայն, չեն բացառում դրա հնարավորությունը, եթե մանրէահիմքը ենթարկվի մուտացիայի:
Ավելի վաղ չինացի փորձագետները նշել են, որ վիրուսի տարածմանը կարող է նպաստել բնակչության կողմից լուսնային օրացույցով Ամանորի կամ Չունցզեի՝ Գարնան տոնակատարությունը: Դրա ընթացքում մեծանում է սննդի մեջ օգտագործվող թռչնամսի քանակը, ինչը կարող է թռչնագրիպով վարակման նոր դեպքերի պատճառ դառնալ: