Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Անաիս Սարդարյանը նկարահանվում է նոր գեղարվեստական ֆիլմում, որը կոչվում է «Երևան, ես սիրում եմ քեզ»: Ֆիլմի ռեժիսորն է Սուրեն Առաքելյանը. «Ֆիլմը բաղկացած է 4-5 նովելներից, ես դեռևս ներգրավված եմ մեկ նովելում: Այժմ առաջին նովելն ենք նկարահանում: Չգիտեմ, թե ֆիլմը երբ կհանձնվի հանդիսատեսին, քանի որ այսօր նկարահանման առաջին օրն է; Կարծում եմ, հանդիսատեսը ծանոթ է այս շարքի մյուս տարբերակներին՝ «Փարիզ, ես սիրում եմ քեզ», «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ»:
Life.panorama.am-ը դերասանուհուց հետաքրքրվեց, արդյոք կշարունակվի «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» սերիալը, որտեղ նա կերպարանավորում էր Անուշիկին, թե՞ նրան կտեսնենք մեկ այլ հեռուստանախագծում: «Այժմ «Քաղաքում»-ն արձակուրդի մեջ է, չգիտենք՝ շարունակություն կունենա, թե՞ ոչ: Բայց ասեմ, որ «Շանթ» հեռուստաընկերության կողմից նոր սիթքոմ է նկարահանվում, որում ընդգրկված եմ նաև ես: Հավանաբար, «Քաղաքում»-ից այլ դերասաններ ևս կլինեն: Այնպես որ, այս երկու նախագծերը միմյանց չպետք է խանգարեն: Դեռևս դերասանների վերջնական ընտրությունն է կատարվում, նկարահանումները կսկսենք մի քանի օրից: Թե ինչպես կկոչվի սիթքոմը, դեռ պարզ չէ: Կարծում եմ, հեռուստադիտողը մեր նոր աշխատանքը գնահատելու հնարավորություն կունենա արդեն իսկ մարտ ամսին: Ի դեպ, նշեմ, որ իմ կերպարը շատ հետաքրքիր կերպար է, ով կունենա նաև շատ երիտասարդ ու հետաքրքիր մայրիկ»,-ժպիտով վստահեցրեց մեր զրուցակիցը: