Հայերենի «ռաբիսացումը» սպառնալիք է. Վաչագան Սարգսյան
CultureՓետրվարի 21-ին նշվում է Մայրենի լեզվի օրը: Այս տոնը հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը: Այն նշվում է 2000 թվականից:
Հայաստանը նույնպես անմասն չի մնացել տոնից: Արդեն 9-րդ տարին է փետրվարի 21-ին մեր երկրում բազմաթիվ միջոցառումներ են կայանում: Սակայն մի բան է մեկ օր անցկացվող միջոցառումը, բոլորովին այլ՝ խնդրին ավելի համակարգային մոտեցումը: Գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» թերթի գլխավոր խմբագիր և բազմաթիվ դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանը խոսել է հայոց լեզվին սպառնացող ժամանակակից մարտահրավերների մասին: Orer.am-ի հետ զրույցում նա ասել է. «Հայերենի «ռաբիսացումը», գրական հայերենի վրա սաստկացող հարձակումները, օտար բառերի ու հայերենին խորթ լեզվական իրողությունների անարգել մուտքը, անպաշտպանվածությունը` խմբագիրների, ոճաբանների, սրբագրիչների ինստիտուտների վերացումը, համացանցային օտարատառ գրառումները, պետական անպատասխանատու վերաբերմունքը, բառարանների, տեղեկատուների հնացածությունը, նորերի չստեղծումը, լեզվական հեռուստաեղեռնը: Կարելի է ասել, որ սա առօրյա է. լեզուն ամեն պահ հանդիպում ու հաղթահարում է այս խոչնդոտները, սակայն, այնուամենայնիվ, լավ կլինի մենք օգնենք նրան ամեն պահ»: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ նշեց հետևյալը. « Եկեք չմոռանանք՝ գրականությունն է հղկում լեզուն, հարստացնում, նորանոր շերտեր ավելացնում: Եթե առանց ավելորդ մաքրամոլության մոտենանք խնդրին՝ ապա պետք է ասենք, որ այսօր բազմաթիվ գրողներ ու հատկապես՝ թարգմանիչներ կան, ովքեր հարստացնում են մեր լեզուն: Լևոն Խեչոյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Արամ Պաչյանի, Գուրգեն Խանջյանի ոճամտածողությունը, հարուստ ու գործնական բառաֆոնդը, Զավեն Բոյաջյանի, Սամվել Մկրտչյանի, Արամ Թոփչյանի թարգմանությունների լեզուն, Հակոբ Մովսեսի, Հովհաննես Գրիգորյանի, Հենրիկ Էդոյանի պոետական լեզուն իսկական դասագիրք են նրանց համար, ովքեր ուզում են ընկալել մեր լեզվի հարստությունը, ճոխությունը, ճկունությունը, անսահման հնարավորությունները: Այլ հարց է, որ քիչ ենք կարդում և այդ ամենին գրեթե հաղորդակից չենք, և բավարարվում ենք եթերի ու մամուլի խայտառակ լեզվով: Շատ կարդալու պարագայում ամեն ինչ իր տեղը կընկնի»: Լևոն Փանոսյան