Երգչուհի Մարիամ Կարակիյանը, ով հայ հանդիսատեսին ներկայանում էր ջազ ոճում, նոր քայլեր է կատարում դեպի էստրադային ասպարեզ: Երգչուհին շուտով հանրության դատին կներկայացնի իր նոր՝ «Հեռու-հեռու» տեսահոլովակը, որի նկարահանման աշխատանքները կատարվել են ԱՄՆ-ում: Օվկիանոսի ափին նկարահանված տեսահոլովակը գեղեցիկ սիրո պատմություն է՝ ներկայացված վառ գույների և պարային երաժշտության հետ համատեղ: Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին պատմեց իր անցած ուղու, նոր տեսահոլովակի և այլնի մասին:
-Սովորել եմ երգի պետական թատրոնում, ապա շատ կարճ ժամանակահատված երգել եմ «Ջեզլ» խմբում, այնուհետև ընդունվել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: Սովորելու ընթացքում արդեն սկսել եմ ելույթներ ունենալ, համերգային տարբեր ծրագրերի մասնակցել: Այնուհետև ստեղծել եմ իմ անհատական խումբը, որով կազմակերպում էինք ջազ երեկոներ:
-Դուք, որպես ջազ երգչուհի, ի՞նչ եք կարծում, այսօր մեր երկրում մարդիկ ջազ երաժշտություն լսո՞ւմ են:
-Կախված է նրանից, թե ինչպես ես մատուցում այն: Հայաստանում ընդունված է ավելի շատ երգի cover տարբերակը: Երիտասարդությունը, ընդհանրապես մարդիկ, սիրում են արդեն հայտնիների երգերի cover տարբերակը լսել՝ Ռեյ Չարլզ, Լուի Արմսթրոնգ: Անկախ նրանից՝ ինչպես կկատարես, միևնույն է՝ մարդիկ սիրում են դա լսել:
Ամեն դեպքում, կարծում եմ՝ մենք սիրում ենք ջազ լսել, բայց ամենաշատը նախընտրում ենք հին երգերի նորովի տարբերակները, իսկ եթե կատարումը լավն է, ծափահարությունները չեն դադարում:
-Գիտեմ, որ այսօր Ձեր ծննդյան օրն է, ինչպե՞ս եք պատրաստվում նշել այն:
Այսօր երեկոյան կմեկնեմ ԱՄՆ, որտեղ էլ ընկերներս մեքսիկական երեկո են կազմակերպել ինձ համար: Կարծում եմ՝ նրանք կհոգան այն մասին, որ ծննդյանս օրն անմոռանալի անցնի: Ի դեպ, գիշերվանից լսում եմ շնորհավորանքներ, հետաքրքիր նվերներ եմ ստացել: Միայն մայրս է մի փոքր նեղված, քանի որ չեմ կարող ծննդյանս օրն ընտանիքիս հետ անցկացնել:
- Ասացիք, որ մեկնում եք ԱՄՆ: Ի՞նչ անելիքներ ունեք այնտեղ:
Միացյալ նահանգներ մեկնում եմ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպած սաթյանական երեկոյին, որին Հայաստանից կմասնակցեն նաև այլ հայտնի երգիչ-երգչուհիներ:
- Ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա տեսահոլովակի պրեմիերան:
- Տեսահոլովակիս պրեմիերան կլինի համատեղ և՛ Երևանում, և՛ ԱՄՆ-ում: Օրն արդեն որոշված է. մարտի 8-ին այն արդեն կհայտնվի եթերում: Տեսահոլովակը կոչվում է «Հեռու-հեռու»: Գլխավոր դերում կոլումբացի դերասան Դեյվիդ Վիլանդան է, ռեժիսորը՝ Սևակ Հակոբյանը: Նկարահանումները կատարվել են Ամերիկայում: Շատ պրոֆեսիոնալ թիմ է աշխատել տեսահոլովակիս վրա, թեպետ երկար ժամանակ չունեինք, քանի որ այդ օրերին երգիչ Ռազմիկ Ամյանի մենահամերգին էի մասնակցում; Բայց արդյունքը, կարծում եմ, լավ է ստացվել: Տեսահոլովակը բավականին ակտիվ է; Այն շատ դուր կգա հատկապես երիտասարդությանը, կլսվի թե՛ ակումբներում, թե՛ հարսանիքներում: Հուսամ՝ իմ տեսահոլովակով շատերի տրամադրությունը կբարձրանա: Ի դեպ, բացելով փակագծերը՝ ասեմ, որ երաժշտությունը հունական մոտիվներով է, նկարահանումները՝ ԱՄՆ-ում՝ հայուհու կատարմամբ և դհոլի ուղեկցությամբ: Ահա այսպիսի համադրություն և անակնկալ հայ հանդիսատեսի համար:
-Ջազից դեպի էստրադա անցումն ինչպե՞ս կատարվեց: Ո՞ր ոճում եք ավելի շատ Ձեզ պատկերացնում:
-Լինելով ջազ երգչուհի՝ ինձ համար դժվար էր էստրադային-կոմերցիոն դաշտ մտնելը, բայց ցանկանում եմ ինձ փորձել նաև այս ասպեկտում:
Ես ընդհանրապես չեմ թողնի կենդանի երաժշտությամբ երգելը: Ինձ առանց ջազի չեմ պատկերացնում, բայց փոփոխություն ցանկանում էի անել: Հետաքրքիր էր:
Ն.Ա