Լարիի արժեզրկումն արդեն լուրջ հետևանքներ է ունենում Վրաստանի առևտրի, արտադրության և սպառման ոլորտների վրա: Նախորդ օրերին ազգային արժույթի անկման արդյունքում գրանցված ալյուրի գնի ավելի քան 15%-ով բարձրացումը զգալի վնաս կարող է պատճառել Վրաստանի բնակչության հատկապես աղքատ հատվածի գրպանների՝ առանց այդ էլ փոքր պարունակությանը:
Բանն այն է, որ ալյուրի արժեքի ավելացմանը զուգընթաց բարձրանալու է նաև հացի և հացամթերքի գինը: Ավելին` հացամթերք արտադրող ձեռնարկությունները հացի նոր գինը որոշելիս հաշվի են առնելու նաև արտադրության մեջ կիրառվող այլ ապրանքային նյութերի գների և ընթացիկ ծախսերի ավելացումը, ինչի արդյունքում գները կարող են բարձրանալ ավելի քան 20%-ով:
Ընդհանուր առմամբ, սպասվում է նաև այլ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացում, ինչը հավելյալ ֆինանսական ծախսերի առաջ կկանգնեցնի Վրաստանի քաղաքացիներին: Վրացի պաշտոնյաները ստեղծված իրավիճակը պայմանավորում են արտաքին գործոններով և գլոբալ աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետևանքով ծնված ճգնաժամով: Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: